Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Խոստումնալից հեռանկարով հաջողված հետահայաց

Խոստումնալից հեռանկարով հաջողված հետահայաց
12.05.2025 | 10:00

Այս օրերին Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահն ամբողջ շաբաթով տրամադրված էր Արթուր Հովհաննիսյանին, վերջին քսան տարում նրա առավել տիպական գործերի ցուցադրմանը։ Ըստ էության սա նկարչի կողմից իր անցած ճանապարհին ուղղված ներհայացք էր ստեղծագործական շրջափուլերի ամբողջական ընթերցմամբ, անցած ուղու յուրօինակ հաշվետվություն, ինչու չէ, նոր շրջափուլի պայմանավորումով։

Հետաքրքրական է, որ գեղանկարիչը դիտողին ներկայանում է կյանքի այս կամ այն երևույթի, իրողության, կենսական այս կամ այն փաստի նկատմամբ ունեցած սևեռման ամբողջական պատկերաշարերով (տե՛ս տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց նրա շարքը, պարային, մարզական շարքերը, աստվածաշնչյան թեմաներով կտավները)՝ առաջին հայացքից այս կարգի դետալացման ճանապարհով հասնելով ասելիքի անհրաժեշտ գեղագիտական ամբողջացման ու փիլիսոփայական խտացման։ Նման մոտեցումը նրա արվեստի բնութագրականներից մեկն է, առանձնահատկությունը պայմանավորողը։

Թերևս հարկ համարենք այդ շարքերից անդրադառնալ հատկապես երկուսին։ Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նվիրված պատկերաշարում գեղանկարչի համար առանցքայինը ոչ այնքան այդ մասնագիտությունների առանձնահատկությունների պատկերագրումն է, որքան այդ մասնագիտությունների տեր մարդկանց ներաշխարհի արծարծում-մատուցանումը՝ ամեն մեկին իր հոգեբանական խորքով, ամեն մեկին իր անհատականության ընդգծումով, այս աշխարհի ընկալման ամեն մեկի ունեցած յուրահատկություններով։ Մեր համոզմամբ այս առումով հատկապես ներկայանալի էր «Համերգ» կտավը, որտեղ ընդհանրականության մեջ յուրաքանչյուր անձ աշխարհի, տվյալ իրավիճակի ի՛ր բաժին ընկալման, հոգեվիճակի կրողն է։

Խիստ ուշագրավ են Ա․ Հովհաննիսյանի բիբլիական թեմաներով արված գործերը մասնավորապես իր երրորդ կանչ-հաղորդելիքով հայտնի աքլորի տարրի ներմուծով, որը մի դեպքում սպասվելիք ուրացման հուշումն է, մեկ այլ դեպքում հետևելիք այդ ուրացման նախազգուշացումը։

«Շրջանների միջև» վերտառությամբ ցուցադրումով Ա․ Հովհաննիսյանն արվեստասեր հանրությանը ներկայացել է որպես խորը անհատական ձեռագիր ունեցող գեղանկարիչ իր մարդակենտրոն արվեստով, քանզի անգամ նրա բնանկարներում, քաղաքային տեսարաններում թեպետ չկա այդ մարդու ֆիզիկական ներկայությունը, փոխարենը լիուլի տիրություն են անում նրա հևքը, շունչը, հոգևոր ներկայությունը։

Թերևս անվիճելի է, որ «Շրջանների միջև» հետահայացով արվեստագետն իր արվեստի երկրպագուին խոստանում է հեռանկարով առաջահայաց։ Ամենակարևորը՝ ամուր հիմքը կա, մ նում է այդ հենքի վրա նույնքան ամուր վերնատան կառուցումը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Top of Form

Դիտվել է՝ 378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ